Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր

Armenpress 09:55, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Գուանդունի նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով 36 մարդ է զոհվել, 30 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Xinhua գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին, տեղի ժամանակով գիշերվա 2։10-ին՝ հորդառատ անձրևների պատճառով։ Մեյչժոու-Դաբու մայրուղու փլուզված հատվածի երկարությունը 17,9 մետր է։ Փլուզման հետևանքով 23 մեքենա է ընկել ճանապարհից։

Մեյչժոուի հատվածում ապրիլի վերջից հորդառատ անձրևներ և կարկուտներ են տեղում, որոնք առաջացրել են վտանգավոր սողանքներ, հեղեղել են տները և ավիրել կամուրջներ։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել նահանգում շարունակվող անձրևոտ եղանակի վտանգները վերացնելու համար։

Ըստ Չինաստանի պետական հեռուստատեսության՝ փրկարարական աշխատանքներում ներգրավված է մոտ 500 մարդ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am